Tuesday 8 April 2014

Պլատոնի բարոյագիտությունը

Պլատոնի բարոյագիտությունը





Պլատոնը (մ.թ.ա. 427-347) ծնվել է Էգինա կղզում աթենացի ազնվական ընտանիքում: Իսկական անունն էր Արիստոկլ: Պլատոն մականուն է  (հուն. ՙպլատյուս՚ թիկնեղ): Նա բազմակողմանի օժտված անձնավորություն էր (մարմնամարզություն, երաժշտություն, պոեզիա): Փիլիսոփայության ուսուցիչներն էին Հերակլիտի հետևորդ Կրատիլը և Սոկրատեսը: Վերջինիս մահից հետո Պլատոնը մեկնում է Աթենքից: Ավանդության համաձայն եղել է Եգիպտոսում, Փյունիկիայում, Պարսկաստանում, Ասորեստանում և Բաբելոնում: Վերադառնալով Աթենք (387թ.) հիմնում է իր փիլիսոփայական դպրոցը` Ակադեմիան, որը զուգորդում էր գիտական ընկերության և կրոնական համայնքի գծեր: Պլատոնի աշակերտները (ակադեմիականները) ստեղծեցին ուսուցչին երկրպագելու և նրա երկերի ուսումնասիրության  և մեկնության բազմադարյան ավանդույթը: Դպրոցը գոյատևեց մինչև մ.թ. 529թ..
Պլատոնն առաջին հույն փիլիսոփան է, որից ամբողջական երկեր (երկխոսությունների ձևով) են պահպանվել: Դրանք և փիլիսոփայական, և գրական-գեղարվեստական արժեք ունեն: Երկխոսություններում նրա տեսակետը հիմնականում արտահայտում է Սոկրատեսը: Պլատոնի ուսմունքը համակարգված բնույթ չունի: Առկա հակասությունները կարելի է բացատրել նաև այն բանով, որ երկերը բազմիցս խմբագրվել են: Երկխոսությունները նախատեսված էին նրանց համար, ում պետք էր ՙհավատի (դարձի) բերել՚` տրամաբանական փաստարկների միջոցով ապացուցելով պլատոնյան ուսմունքի ճշմարտացիությունը (ՙարտաքին օգտագործման՚համար): Նրան են վերագրվում նաև էզոտերիկ երկեր, որոնք հասցեագրված էին ձեռնադրվածներին` միաբանության անդամներին (ՙներքին օգտագործման՚ համար): Դրանք չեն պահպանվել և հավանաբար տարածվում էին բանավոր:
Պլատոնի հիմնական թեման բարոյականն էր` աշխարհում տիրող չարիքից ազատագրվելու ուղիների որոնումը և իմաստավորումը, իսկ հետազոտության կարևորագույն խնդիրներն էին մարդը, հասարակությունը և պետությունը: Մյուս խնդիրները ծառայում էին գլխավոր թեմայի բազմակողմանի լուսաբանմանն ու հիմնավորմանը:
Զգայապես ընկալելի աշխարհն առաջանում և ոչնչանում է, իսկ այն, ինչ առաջանում է, պետք է պատճառ ունենա:  Պլատոնը ընդունում է երկու տեսակ պատճառներ` բանական և ոչ բանական: Առաջինը Դեմիուրգն է` ՙայս տիեզերքի արարիչը և ծնողը՚, երկրորդը` անհրաժեշտությունը` ՙչկարգավորված պատճառի տեսակը՚: Անհրաժեշտությունը որոշ առումով նման է տարածությանը, որը ՙտեղ է տրամադրում այն ամենին, ինչ ծնվում է՚, ՙկարծես յուրաքանչյուր ծնունդի կնքամայրն ու ծծմայրն է՚: Անհրաժեշտության ներգործութամբ առաջացել են չորս տարրերը (հուրը, օդը, ջուրը և հողը), որոնց ՙբնությունը՚ նման է պատկերաքանդակների համար հալված ոսկուն: Ծծմայրը ՙտարհոսում է խոնավությամբ՚, ՙբոցափայլում է կրակով՚ և այլն: Այն երերում է և տրոհվում: Առաջացած մասերից ծանրն ու խիտը հավաքվում են մի տեղ, իսկ թեթևն ու փխրունը` մի այլ տեղ: Այսպիսով, չորս տարրերը (սեռերը) առանձնացել են տարածության մեջ մինչ տիեզերքի առաջացումը և հիմք հանդիսացել Դեմիուրգի ստեղծագործության համար:
Դեմիուրգը ստեղծում է աշխարհը, որովհետև նախ` մտադրություն ուներ ստեղծել մի գեղեցիկ տիեզերք: Երկրորդ` նա արարում է` հայելով միշտ նույնական (անփոփոխ), հավերժական, անմարմին նախատիպերին (ՙիդեաներին՚): Իդեաները գոյություն ունեին մինչ երկինք-տիեզերքի ստեղծումը, ուստի Պլատոնը դրանք տեղավորում է տիեզերքից դուրս: Իդեաների և զգայապես ընկալելի իրերի աշխարհները գոյություն ունեն տարանջատ: Իդեաները իրերի նախատիպերն են, էությունն ու պատճառը, իսկ իրերը` դրանց նմանակները: Դրանով գոյը բաժանվեց իդեալականի և նյութականի:

No comments:

Post a Comment